ԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից 1,4 մլրդ եվրո կփոխանցի Ուկրաինային՝ շրջանցելով Հունգարիայի կարծիքը

Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից 1,4 միլիարդ եվրոյի փոխանցումը։ Համապատասխան որոշումն ընդունել են ԵՄ ԱԳ նախարարները։ Միջոցները կուղարկվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամին և կուղղվեն Կիևի համար զենքի գնմանը։ Կիևը հաստատված գումարը կստանա արդեն հուլիսին։ Այս մասին հայտարարել է եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։


Բորելի խոսքով՝ Ուկրաինան մինչև տարեվերջ կստանա ևս 1 միլիարդ եվրո՝ զինամթերքի, ՀՕՊ-ի և զենքի արտադրության աջակցության համար։


ԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն ուղղել Ուկրաինայի համար զենքի գնմանը՝ շրջանցելով Հունգարիայի կարծիքը։


Քանի որ Հունգարիան ձեռնպահ է մնացել Եվրոպայում արգելափակված ռուսական միջոցներից ստացված եկամուտները տրամադրելու վերաբերյալ նախկին համաձայնագրից, նա «չպետք է լինի այս գումարների օգտագործման վերաբերյալ որոշման մաս», ավելի վաղ ասել էր Բորելը:


Միաժամանակ, Բորելի խոսքով, «ԵՄ մեկ երկիր» շարունակում է արգելափակել Խաղաղության եվրոպական հիմնադրամից ավելի քան վեց միլիարդ եվրոյի փոխանցումը Կիևին։ Դիվանագետը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրին նա նկատի ունի։